Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երևանյան ամառ

Երևանյան ամառ
29.07.2024 | 14:43

Երևանում ամառ ա։ Ես փոքրուց միշտ սիրել եմ Երևանի ամառը, շոգել եմ, բողոքել եմ շոգից, բայց հոգու խորքում միշտ սիրել եմ։ Ինձ ամռանն անընդհատ զով տեղեր էին ուղարկում՝ կազդուրվելու, իսկ ես կարոտում էի Երևանի շոգը։ Երևանի շոգն ուրիշ շոգերի նման չի։ Ես որտեղ ասես՝ եղել եմ, բայց Երևանի շոգի նման շոգ չեմ տեսել։ Երևանի շոգից փայտե արկղերի մեջ արևի տակ տաքացած ծիրանի հոտ ա գալիս, չկտրած ձմերուկի մեջ սպասող քաղցր զովության հոտ ա գալիս, ասես միջնադարյան զարդաքանդակներից իջած, օրհնության սպասող խաղողի ծանր ողկույզների, շիկացած ասֆալտին թափած մի դույլ ջրի, երեկոյան զով քամու շնչակտուր սպասման հոտ ա գալիս, շոգից ամայացած մայթերը եզերող անվերելակ հինգհարկանի շենքերի վարդագույնին խառնված կարոտի հոտ ա գալիս։ Երևանի շոգն ուրիշ ա։ Երևանի ամառն ամառ չի, այլ մի կլոր տարի ա, որը սկսվում ա ձնհալով ու գնալով շիկանում, շիկանում, հասունանում, քաղցրանում ա, լցվում ա ամառային հոտերով ու համերով, շատրվանների տակ աղմուկով վազվզող երեխաներով, բարկ արևից սրված ստվերներով, կիսահալ ասֆալտի մեջ խրվող՝ կոշիկի ներբաններով․․․ ու շարունակվում ա էնքան, մինչև տերևները հոգնում են ծառի ճյուղերից ու դեղնակարմրավուն գորգով ծածկում շոգից տանջված ասֆալտը։ Երևանի ամառը տարվա եղանակ չի, այլ ապրելակերպ ա։

Ու ոչ մի տեղ երեկոյան զով քամին էնքան հաճելի չի, ինչքան Երևանի բակերում։ Ասես առավոտից քաղաքը շունչը պահած սպասել ա էս պահին, որ մի քիչ շնչի, զովանա, ուշքի գա ցերեկվա տապից։ Մարդիկ տներից դուրս են թափվում, որ մի քիչ հովանան։ Օրը երեկոյան ա սկսվում ու երկարում ա մինչև լուսաբաց։ Իսկ քաղաքի կենտրոնում սրճարանները մեղվանոցի նման բզզում են։ Զբոսաշրջիկներն էկզոտիկայի համար՝ աշխատում են իրանց հայավարի պահել, իսկ հայերն աշխատում են նրանց ներկայությամբ հայություն չանել։

Բայց մեկ-մեկ, հատկապես, երբ ցերեկը շատ շոգ ա անում, մեկ էլ երեկոյան քամին կատաղում ա, գժվում ա, անկանոն պոռթկումներով իրան աջուձախ ա խփում, վնգստում ա պատուհանների տակ, գետնին ինչ կա-չկա օդ ա հանում, պտտում, խփում տների պատերին, նետում տանիքներին։ Քմահաճ ա մեր ամառը, շատ քմահաճ ա, հատկապես՝ երեկոները։

Իսկ գիշերը բաց պատուհանի տակ պառկած՝ սավանը քացով մի կողմ ես նետում ու սպասում մի կտոր զով քամու։ Պատուհանից երկինքն ա երևում, լուսինը, աստղերը, ու քեզ ոչինչ չի բաժանում նրանցից, քո ու աստղերի միջև փակ պատուհան չկա, անգամ բարակ շապիկ չկա, անգամ սավան չկա, դու ես ու տիեզերքը՝ միլիոնավոր լուսատարիներ հեռու գտնվող գալակտիկաները, հսկա համաստեղությունները, սև խոռոչները։ Մի պահ թվում ա, թե դու անպաշտպան ես բաց տիեզերքի առաջ, բայց հետո հասկանում ես, որ պաշտպանվելու բան էլ չկա, դու տիեզերքի մի մասն ես ու ասես տեսնում ես, թե ոնց ա Յուպիտերի գագաթին թագի նման շողշողում հսկա հյուսիսափայլը, իսկ Անդրոմեդայի միգամածությունում խոշոր փաթիլներով ձյուն ա գալիս։ Բաց պատուհանից ներս են լցվում բոլոր նախապատմական առասպելական էակները, աստվածները, տիտանները, ոգիները, պառկում են կողքդ, նստում ոտերիդ, իսկ դու մի կաթիլ անգամ չես վախենում։

Չես էլ զգում, թե ոնց են աչքերդ փակվում։ Արթնանում ես ծիտիկների ծլվլոցից, որ բաց պատուհանից էնքան բարձր ա լսվում, ասես կողքդ լինեն։ Լույսը բացվել ա ու հիմա աչքերիդ առաջ բարձր, անվերջ կապույտ երկինքն ա։

Երևանում ամառ ա, շոգում ենք, գանգատվում ենք շոգից, բայց հոգու խորքում չենք ուզում, որ վերջանա, չենք ուզում, որ ցրտերն ընկնեն։ Իսկ ամառը կյանքի նման ա՝ ուզենք թե չուզենք, անցնում ա ու էնքան արագ, որ չենք էլ հասցնում մի լավ շոգել․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11140

Մեկնաբանություններ